Եռորյակ նյարդի նևրալգիա
Ի՞նչ է եռորյակ նյարդը
Եռորյակ նյարդը գանգուղեղային հիմնական նյարդերից մեկն է, որը պատասխանատու է դեմքի զգացողության և մասամբ՝ ծամող մկանների շարժումների համար։ Այն ունի երեք հիմնական ճյուղ՝
• ակնային ճյուղ — ապահովում է ճակատի, աչքերի և քթի վերին հատվածի զգացողությունը,
• վերին ծնոտային ճյուղ — ապահովում է այտերի, վերին շրթունքի, լնդերի և վերին ատամների զգացողությունը,
• ստորին ծնոտային ճյուղ — ապահովում է ստորին շրթունքի և ստորին ծնոտի զգացողությունը, ինչպես նաև մասնակցում է ծամող մկանների շարժումների կառավարմանը։
Եռորյակ նյարդի շնորհիվ մենք զգում ենք դեմքի հպումը, ցավը և ջերմաստիճանը, կարողանում ենք ծամել և խոսել։

Ի՞նչ է եռորյակ նյարդի նևրալգիան
Եռորյակ նյարդի նևրալգիան քրոնիկական հիվանդություն է, որի դեպքում դեմքի մի կեսում առաջանում է ինտենսիվ, սուր ցավ։ Ցավը հաճախ նկարագրվում է որպես «էլեկտրական հարված» կամ «հոսանքի հարված»։
Նոպան կարող է տևել մի քանի վայրկյանից մինչև երկու րոպե, կրկնվել օրական տասնյակ անգամ և առաջանալ առանց ակնհայտ պատճառի կամ նույնիսկ նվազագույն գրգռման դեպքում՝ հպումից, սափրվելիս, խոսելիս, ատամները մաքրելիս կամ ծամելիս։
Հիմնական պատճառները
Դասական եռորյակ նյարդի նևրալգիայի ամենատարածված պատճառը նյարդաանոթային կոնֆլիկտն է․ այս դեպքում արյունատար անոթը (սովորաբար զարկերակը կամ երակը) ճնշում է եռորյակ նյարդի արմատը՝ գլխուղեղի ցողունից դրա դուրս գալու հատվածում։
Երկարատև ճնշումը կարող է վնասել նյարդի միելինային թաղանթը, ինչի հետևանքով առաջանում են ախտաբանական ցավային ազդակներ։
Այլ հնարավոր պատճառներն են՝• ցրված սկլերոզը և այլ դեմիելինացնող հիվանդությունները,• հետին գանգափոսի ուռուցքները,• վնասվածքների կամ անոթային անևրիզմաների հետևանքները։
Ախտանիշները
Հիմնական ախտանիշը դեմքի մի կեսում առաջացող ուժեղ ցավային նոպաներն են։
Բնորոշ նշաններն են՝• ցավը տեղակայվում է եռորյակ նյարդի մեկ կամ երկու ճյուղերի շրջանում, առավել հաճախ՝ վերին կամ ստորին ծնոտի հատվածում,• նոպան սկսվում է հանկարծակի և հաճախ հրահրվում է նույնիսկ թեթև հպումից,• նոպաների միջև սովորաբար լինում է ցավազուրկ ժամանակահատված,• ցավը կարող է առաջացնել դեմքի մկանների ակամա կծկումներ («ցավային տիկ»)։
Ժամանակի ընթացքում, եթե հիվանդությունը չի բուժվում, նոպաները կարող են հաճախանալ, իսկ ցավը՝ դառնալ ավելի կայուն։
Ախտորոշում
Ախտորոշումը կատարվում է բնորոշ կլինիկական պատկերի և դեմքի ցավի այլ հնարավոր պատճառների բացառման հիման վրա։
Հետազոտման հիմնական մեթոդներն են՝
• Գլխուղեղի ՄՌՏ՝ կոնտրաստավորմամբ — օգնում է հայտնաբերել եռորյակ նյարդը ճնշող անոթը կամ ցավի այլ պատճառներ՝ ուռուցք, անևրիզմա, դեմիելինացնող օջախ։
• ՄՌ-անգիոգրաֆիա — թույլ է տալիս ավելի ճշգրիտ գնահատել եռորյակ նյարդի և հարակից անոթների փոխհարաբերությունը։
• Անհրաժեշտության դեպքում՝ հարակից մասնագետների խորհրդատվություն՝ նյարդաբանի, նյարդավիրաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի կամ ատամնաբույժի։

Պահպանողական բուժում
Սկզբնական փուլում կիրառվում են դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են նյարդային թելերում առաջացող ախտաբանական ազդակները։ Առավել հաճախ նշանակվում են՝
• կարբամազեպին — հիմնական դեղամիջոցը, որն արդյունավետորեն նվազեցնում է ցավը հիվանդների մեծ մասի մոտ,
• այլընտրանքային դեղամիջոցներ՝ օքսկարբազեպին, գաբապենտին, պրեգաբալին,
• անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ սպազմոլիտիկներ, հանգստացնող և հակադեպրեսանտ դեղամիջոցներ։
Եթե դեղորայքային բուժումն այլևս արդյունավետ չէ կամ առաջացնում է արտահայտված կողմնակի ազդեցություններ, դիտարկվում են վիրաբուժական բուժման մեթոդները։
Վիրաբուժական բուժում․ միկրոանոթային դեկոմպրեսիա
Նյարդաանոթային կոնֆլիկտի դեպքում սա բուժման «ոսկե ստանդարտն» է։ Ցավոք, ոչ բոլոր բժիշկներն ունեն բավարար տեղեկություն եռորյակ նյարդի նևրալգիայի պատճառների և բուժման մեթոդների մասին, և հիվանդը միշտ չէ, որ ժամանակին ուղղորդվում է նյարդավիրաբույժի մոտ։ Այնուամենայնիվ, դա բուժման ստանդարտ մոտեցում է․ եթե մի քանի ամիս տևած պահպանողական բուժումն արդյունավետ չէ, նպատակահարմար է քննարկել նյարդավիրաբուժական միջամտության հնարավորությունը։
Վիրահատության էությունը։ Ականջի հետևում կատարվող փոքր կտրվածքի միջոցով (ռետրոսիգմոիդ մուտք) նյարդավիրաբույժը վիրաբուժական մանրադիտակի հսկողությամբ հայտնաբերում է այն հատվածը, որտեղ անոթը շփվում կամ ճնշում է եռորյակ նյարդը։ Այնուհետև անոթը զգուշորեն հեռացվում է նյարդից, և նրանց միջև տեղադրվում է փոքր միկրովիրաբուժական տեֆլոնային միջադիր։ Դրանով վերացվում է անոթի և նյարդի անմիջական շփումը։

Առավելությունները՝
• վերացնում է հիվանդության պատճառը, այլ ոչ միայն ախտանիշները,
• պահպանում է դեմքի զգացողությունը,
• ապահովում է երկարատև արդյունք․ հիվանդների մոտ 85–90% դեպքերում ցավն ամբողջությամբ անհետանում է կամ զգալիորեն նվազում է։
Թերությունները՝
• պահանջում է ընդհանուր անզգայացում և հետին գանգափոսի տրեպանացիա,
• ինչպես ցանկացած նյարդավիրաբուժական միջամտության դեպքում, առկա է բարդությունների վտանգ՝ վարակ, արյունահոսություն, լսողության ժամանակավոր նվազում և այլն, սակայն դրանք հանդիպում են հազվադեպ։
Վերականգնում վիրահատությունից հետո
Միկրոանոթային դեկոմպրեսիայից հետո հիվանդը սովորաբար 5–7 օր գտնվում է հիվանդանոցում։ Արդեն մեկ օր անց կարող է վեր կենալ, իսկ աստիճանաբար՝ վերադառնալ սովորական ակտիվությանը։
Մի քանի շաբաթվա ընթացքում կարող են պահպանվել թեթև գլխացավեր կամ ականջի հետևում անհարմարության զգացում։ Դեպքերի մեծ մասում ցավը վերանում է վիրահատությունից անմիջապես հետո։
Հնարավոր բարդություններ
Ժամանակակից մեթոդների շնորհիվ վիրահատությունը բարձր արդյունավետություն և անվտանգություն ունի, սակայն, ինչպես ցանկացած միջամտության դեպքում, հնարավոր են որոշ ռիսկեր՝
• դեմքի որոշ հատվածներում զգացողության ժամանակավոր կամ կայուն նվազում,
• ծամող մկանների թուլություն,
• մի քանի տարի անց ցավի կրկնություն,
• չափազանց հազվադեպ՝ վարակ կամ լսողության խանգարում բաց վիրահատությունից հետո։
Կանխատեսում
Վիրաբուժական բուժումից հետո հիվանդների մեծ մասի կյանքի որակը զգալիորեն բարելավվում է․ ցավը վերանում է, վերականգնվում են բնականոն քունն ու ախորժակը, անհետանում է նոր ցավային նոպայի մշտական վախը։
Նյարդաանոթային կոնֆլիկտի դեպքում միկրոանոթային դեկոմպրեսիան ապահովում է առավել կայուն երկարաժամկետ արդյունք, իսկ այն դեպքերում, երբ վիրահատությունը հնարավոր չէ կատարել, կիրառվում են նվազ ինվազիվ բուժման մեթոդներ։
Կանխարգելում և կենսակերպ
Եռորյակ նյարդի նևրալգիայի հատուկ կանխարգելում գոյություն չունի։ Սակայն հնարավոր է նվազեցնել հիվանդության սրացումների վտանգը՝
• խուսափել գերսառեցումից, հատկապես դեմքի շրջանում,
• ժամանակին բուժել վիրուսային և ատամնաբուժական վարակները,
• պահպանել քնի և հանգստի ռեժիմը, նվազեցնել սթրեսի մակարդակը,
• ցավի առաջացման դեպքում չհետաձգել բժշկին դիմելը․ վաղ դիմելը բարձրացնում է բուժման արդյունավետությունը։
Ամենակարևորը, որ պետք է իմանա հիվանդը
• Եռորյակ նյարդի նևրալգիան բուժելի հիվանդություն է։
• Հիմնական պատճառներից մեկը նյարդաանոթային կոնֆլիկտն է, որը հնարավոր է վերացնել վիրաբուժական ճանապարհով։
• Ժամանակակից վիրահատությունները անվտանգ են և կատարվում են վիրաբուժական մանրադիտակի ու նեյրոմոնիթորինգի կիրառմամբ
• Միջամտությունից հետո հիվանդների մեծ մասը վերադառնում է լիարժեք և առանց ցավի կյանքի։



Comments